Թուրքիան պատրաստ է միանալ առնվազն Սև ծովի հետպատերազմյան ականազերծմանը։ Անկարան նաև դիտարկում է Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ անվտանգության երաշխիքների շրջանակում, հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը, հայտնում է РБК-Украина-ն։

«Երեկ հանդիպել եմ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, շատ լավ խոսակցություն ենք ունեցել։ Թուրքիան պատրաստ է արդեն մոտ ապագայում միանալ Սև ծովի ականազերծմանը»,- հայտնել է նա։

Բացի ծովային ականազերծումից, թուրքական կողմը դիտարկում է նաև հումանիտար քաղաքացիական ցամաքային ականազերծմանը մասնակցելու առաջարկները։

Ինչպես հիշեցրել է Ջելալը, Թուրքիան այն 10 երկրներից է, որոնք արդեն պոտենցիալ պատրաստ են զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակում։

«Մենք ողջունում ենք Թուրքիայի նման քայլերը»,- հավելել է դեսպանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես վերջերս հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ստանձնելով ծովային անվտանգության պատասխանատվությունը։