Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա շաբաթվա ընթացքում քառօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների լայնածավալ բանակցություններ։ Այս մասին հայտնել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում է ТАСС-ը։

Բացի այդ, Պուտինի ծրագրերում նախատեսված է մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Տյանցզին քաղաքում։

Ավելի քան 20 երկրների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և դրա հետ կապված միջոցառումներին Տյանցզին քաղաքում (Հյուսիսային Չինաստան)։ 

ՇՀԿ Տյանցզինի գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ ՇՀԿ ամենամյա գագաթնաժողովը Չինաստանում կանցկացվի հինգերորդ անգամ։

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կնախագահի ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստը, ինչպես նաև «ՇՀԿ պլյուս» հանդիպումը՝ հանդես գալով հիմնական զեկույցներով, հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սի Ծինփինը պաշտոնական ընթրիք կկազմակերպի առաջնորդների համար և երկկողմ հանդիպումներ կունենա ներկա ղեկավարների հետ, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։