ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել են Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։

Թրամփի շնորհավորանքը X սոցիալական ցանցում հրապարակել է նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահն ամենաջերմ բարեմաղթանքներն է հղել Ուկրաինայի «քաջարի» ժողովրդին։

«Նշելով այս կարևոր օրը՝ իմացեք, որ ԱՄՆ-ը հարգում է ձեր պայքարը, մեծարում ձեր զոհերին և հավատում է ձեր ապագային՝ որպես անկախ պետություն», - նշել է Դոնալդ Թրամփն իր շնորհավորանքում՝ հավելելով, որ «ժամանակն է վերջ դնել անիմաստ սպանություններին»։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարն իր շնորհավորանքում նշել է, որ Վաշինգտոնում հավատում են «բանակցային կարգավորմանը, որն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և երաշխավորում նրա երկարաժամկետ անվտանգությունը, ինչը կհանգեցնի տևական խաղաղության»։

«Անկախության այս օրը, երբ դուք հարգանքի տուրք եք մատուցում ձեր երկրի պատմությանը, Միացյալ Նահանգները հույս ունի շարունակելու մեր գործընկերության զարգացումը տնտեսության և անվտանգության ոլորտում՝ հանուն մեր երկու երկրների խաղաղ և բարգավաճ ապագայի», - նշել է Ռուբիոն իր շնորհավորանքում։