Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ որոշել է պետական պարգևների արժանացնել մի շարք եվրոպացի առաջնորդների և պաշտոնյաների։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի համապատասխան հրամանագրում, հաղորդում է «Европейская правда»-ն։
Նախագահը որոշել է պարգևատրել պաշտոնյաներին «միջպետական համագործակցության ամրապնդման, պետական ինքնիշխանության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության, բարեգործական գործունեության և Ուկրաինական պետության աշխարհում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման համար»։
Զելենսկին «Յարոսլավ Իմաստունի» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրել է Եվրոպական միության պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսին, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային, Չեխիայի նախագահ Պետեր Պավելին, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչին, Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին և Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆին։
Նա նաև որոշել է «Արժանիքների համար» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Արժանիքների համար» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին։
Բացի այդ, նա «Յարոսլավ Իմաստունի» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրել է ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեմին և Ռիչարդ Բլումենթալին։




























