Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է Վլադիմիր Պուտինին չեղյալ հայտարարել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԲԿ-ն։
«Հավանություն տալ և Ռուսաստանի Դաշնության նախագահին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումա ներկայացնելու համար առաջարկությունը, ըստ որի պետք է չեղյալ հայտարարել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման 1987 թվականի նոյեմբերի 26-ի եվրոպական կոնվենցիան և դրա 1993 թվականի նոյեմբերի 4-ի արձանագրությունները, որոնք Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրվել են Ստրասբուրգում 1996 թվականի փետրվարի 28-ին», - ասվում է փաստաթղթում։





























