Մոսկվան զինադադարի առաջարկ է արել Կիևին, որտեղ խոսքը գնում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի մասին։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

«Ռուսները խաղաղության առաջարկ են դրել սեղանին։ Այն ներառում է Դոնեցկը։ Միգուցե դա այն չէ, ինչ կարող են ընդունել ուկրաինացիները, բայց նման առաջընթաց դեռ ոչ ոք չի գրանցել։ Եվ դա նրա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի - խմբ.) անհատականության ուժի և այս հակամարտությանն ու մահվանը վերջ դնելու մոտիվացիայի շնորհիվ է։ Եվ մենք հիմա գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ կարծում ենք, որ պատերազմի ավարտը մոտ է», - ասել է Ուիթքոֆը։

Մեկնաբանելով Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ պատերազմը դադարեցնելու համար նրան տարածքային զիջումների ստիպելու նպատակով, Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է. «Ինչպես ասաց ԱՄՆ նախագահը, միակ մարդիկ, ովքեր կարող են կայացնել այս որոշումը, ուկրաինացիներն են։ Եվ ես կարծում եմ, որ նրանք նշել են, որ կան ավելի բարդ որոշումներ, քան պարզապես հողը զիջելը։ Պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները։ Եվ նրանք իրավունք ունեն հասկանալ այս բաները։ Նրանք պետք է երաշխիքներ ստանան, որ դա չի կարող նորից տեղի ունենալ»։

Մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին, գուցե մի փոքր ավելի շուտ, մենք վերջապես կունենանք խաղաղության համաձայնագրի հասնելու վերջնական բաղադրիչները», - ավելի ուշ եզրափակել է Ուիթքոֆը։