Այս պահին, մենք դեռևս քոլեջներում ընդունելության գործընթացի վերջնական ամփոփման փուլում ենք, որովհետև քոլեջներում ընդունելության գործընթացը համեմատաբար ավելի ուշ ժամկետում է իրականացվում, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ մասնավորապես կառավարության քաղաքականությունը, որը ուղղված էր գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմանը և դրանով իսկ դիմելիության խրախուսմանը, արդեն իսկ միայն առաջին փուլի արդյունքներով ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան նախորդ տարի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մասնավորապես միջին մասնագիտական կրթական ծրագրերով, գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել։
Առաջին տարում, երբ որ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ ենք ունեցել։ Այսինքն կարող ենք ասել, որ շուրջ կրկնապատկվում է դիմորդների թիվը։
Մենք նաև հետևում ենք առաջադիմությանը և այնպես չի, որ ամբողջ ուսումնառության ընթացքն է ավտոմատ նշանակում կրթաթոշակի ստացում, ուսանողները նաև պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի ընդունվելուց հետո, առաջին տարվանից հետո շարունակեն ստանալ կրթաթոշակը։ Այս ուղղությամբ նույնպես մոնիտորինգի մեխանիզմներ են կիրառվում։
Ընդհանուր առմամբ ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք պահպանում ենք ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան։ Անցյալ տարի ավելի քան 14000 ուսանող էինք գրանցել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով արդեն մոտեցել ենք 15000 ցուցանիշին։ ՄԿՈՒ համակարգը դառնում է գրավիչ մեր երիտասարդների համար, որպես մասնագիտական կրթության ստացման հիմնական ուղղություն»,– ընդգծեց նախարարը։





























