2025-26 ուսումնական տարվա բուհական ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը հինգ անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է։ Ընդ որում անվճար թափուր տեղերի թիվը ընդամենը 219-ը։ Այս ցուցանիշները նշանակում է նաև, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է, այսինքն ընդունելության տեղերի պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան դա արվում էր նախորդող տարիներին։ Սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքը արդյունքներ է գրանցում»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով, իրենք շարունակում են մեծ ուշադրություն դարձնել բնագիտամաթեմատիկական ոլորտի զարգացմանը. «Պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման կեսից ավելին, ընդհանուր առմամբ, հատկացվում է հենց այս ոլորտին։ Այս տարի էլ աճ ենք գրանցել 5%-ով այս ուղղություններով ընդունված ուսանողների թվի շրջանում, նրանք արդեն իսկ կազմում են ընդունվողների ավելի քան 60%–ը։  Մենք տեսնում ենք, որ աճում է դիմելիությունը և նաև այս ուղղություններով սովորողների թիվը»,–ասաց նա։