Հաճախ լսում եմ շարունակվող լուրեր, թե մենք ունենք խնդիր դասագրքերի հետ կապված և կան դասագրքեր, որոնք բացակայում են: Ուզում եմ այս հարցին անդրադառնալ այն ձևով, որ, հուսով եմ այլևս չշահարկվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ավելի քան 220 տարբեր դասագրքեր ենք հրատարակել, 159 անուն դասագրերի մասին է խոսքը: Սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկանները: Մենք ունենք որոշ առարկաններ, որոնց շրջանակում դեռևս օգտագործում ենք հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով»,- նշեց նա:
Ըստ Անդրեասյանի, խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է: Առանձին աշխատանքներ են տարվում նաև ֆրանսերենի ուղղությամբ, աշխատում են նաև դեսպանատան հետ:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ որդեգրել են մոտեցում՝ ավագ դասարաններում հրաժարվում են միայն դասագրքային ուսուցումից և անցնում են ուսումնական թղթապանակների: Մասնավորապես՝ պատմության պարագայում այս մեթոդով են ուսուցում իրականացնում, զուգահեռաբար 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված: Նախարարը վստահություն է հայտնել, որ կունենան առաջարկներ, որոնք կարող են կիրառվել դպրոցներում:
«Դպրոցները բոլորն ունեն անհրաժեշտ դասագրքերն ուսուցումն իրականացնելու համար։ Այս պահին, արդեն դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է: Չորս մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, և սեպտեմբերի 1-ին մեզ ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի», - ընդգծեց ԿԳՄՍ նախարարը:




























