Գիտնականները կոչ են արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պարզել ռուս մարդաբան Սվյատոսլավ Կավերինի գտնվելու վայրը, ով ավելի քան մեկ ամիս է ինչ բանտարկված է Աֆղանստանում՝ նրա իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև նրան հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է Baza-ն։

Ռուսաստանի ԱԳՆ-ին նամակներ են գրել Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, Ռուսաստանի մարդաբանների և ազգագրագետների ասոցիացիայի նախագահ Վալերի Տիշկովը, Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Կիբրիկը, Վ. Վ. Վինոգրադովի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, ինչպես նաև Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի իրանական լեզուների բաժնի վարիչ Օլեգ Բելյաևը։

«Մինչ այժմ չի հաջողվել հասնել ո՛չ Աֆղանստանում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նրա հանդիպմանը, ո՛չ էլ աֆղանական կառավարությունից նրա ձերբակալման պատճառների մասին պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք շատ անհանգստացած ենք մեր ընկերոջ և գործընկերոջ, պայծառ ու անշահախնդիր ռուս հետազոտողի ճակատագրով և խնդրում ենք Ձեզ ցուցաբերել ողջ հնարավոր աջակցությունը՝ Կավերինին հյուպատոսական աջակցություն ապահովելու հարցում, ինչպես նաև պետք է կազմակերպել նրա անմիջական հանդիպումը Քաբուլ քաղաքում Ռուսաստանի հյուպատոսի հետ»,- ասվում է նամակներից մեկում։

Ինչպես հայտնել են Կավերինի գործընկերները, մինչ այժմ իրենց բոլոր նամակներին, ինչպես նաև նրա մոր՝ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժին ուղարկված հարցումներին պաշտոնյաները պատասխանել են, որ «նոր տեղեկություն չկա և դրա ստացման դեպքում կկապվեն նրանց հետ»։ Այժմ Սվյատոսլավի հարազատներն ու ընկերները փորձում են հանդիպում կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսի հետ։

Սվյատոսլավ Կավերինը ձերբակալվել է հուլիսի 19-ին՝ Քունդուզում։ Նրա ձերբակալման պատճառ կարող էր դառնալ այն, որ թալիբները դժգոհ են եղել որոշ մարդկանց հետ նրա շփումից, որոնց Սվյատոսլավը հանդիպել է երկրում իր ուղևորությունների ժամանակ։ «Նա չգիտեր, թե ովքեր են նրանք և նրանք, ըստ երևույթին, որոշակի հետաքրքրություն էին ներկայացնում տեղական իշխանությունների համար: Նա հանդիպել է նրանց հետ, երբ այցելել է տարբեր նահանգներ և նրանք ուղեկցել են նրան: Թալիբների համար հետաքրքրություն ներկայացնող մարդիկ հայտնվել են նրա բլոգի լուսանկարներում: Հնարավոր է, որ այդ մարդիկ հավատարիմ չեն ներկայիս ռեժիմին և այդ պատճառով թալիբները հարցեր ունեին նրա հետ», - ասել են ռուս գիտնականի գործընկերները: