Բաքուն հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի դադարեցման մասին։

«2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ մշտական ​​խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Որոշման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի հիման վրա, որը ուղղված էր ԵԱՀԿ գործող նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման շրջանակներում, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության, ինչպես նաև Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը», - APA-ին այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել նշված կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Որոշումը նաև ճանաչում է ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը որպես ուժը կորցրած և անվավեր։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով նախկինում ստեղծված բոլոր ինստիտուտները ճանաչվում են որպես հակամարտության կարգավորումից հետո ստեղծված նոր իրավիճակի հետ կապված իրենց արդիականությունը կորցրած և դրանք փակելու որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից, իսկ ինստիտուտները պաշտոնապես փակվել են։

Կազմակերպության կայքում Մշտական խորհրդի պաշտոնական որոշում չկա, Հայաստանի ԱԳՆ-ում նույնպես դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։

Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ Մինսկի գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին դիմելու հարցը կհետաձգվի մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Փաստորեն, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, այն ընդամենը նախաստորագրված է, իսկ Մինսկի գործընթացը դադարեցվել է։