Հնդկաստանը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի լիիրավ անդամակցության հայտը, «Opindia»-ին հաստատել են դիվանագիտական աղբյուրները։ Նյու Դելին իր անհամաձայնության հիմնական պատճառներից մեկը համարել է Բաքվի սերտ ռազմավարական կապերը Պակիստանի և Թուրքիայի հետ, որոնք բազմիցս հանդես են եկել Հնդկաստանի դեմ Քաշմիրի հարցով։
Ներկայումս Ադրբեջանն ունի «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ և նրա լիիրավ անդամակցության հայտը քննարկվել է ՇՀԿ-ի այսօրվա նիստում, որտեղ Հնդկաստանը առարկություններ է ներկայացրել։
Պաշտոնյաները հայտարարել են, որ Հնդկաստանը չի ցանկանում հավանություն տալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցությանը, քանի որ դրան արդեն անդամակցում է Պակիստանը և դա կարող է դրդել կազմակերպությանը գործել Հնդկաստանի շահերի դեմ։
Ադրբեջանի կողմից Պակիստանին բազմակողմ հարթակներում աջակցությունը, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապված նախագծերին նրա մասնակցությունը նույնպես նպաստել են Հնդկաստանի դիրքորոշմանը։ Կոնսենսուսի հասնելու անհրաժեշտության պայմաններում Հնդկաստանի վետոն փաստացի արգելափակում է Բաքվի ձգտումները։




























