ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ ժամկետի օրերի գրեթե մեկ երրորդը նվիրել է գոլֆ խաղալուն: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ հունվարի 20-ից ի վեր նա իր գոլֆի ակումբներն այցելել է 225 օրվա ընթացքում 66 անգամ, ինչը կազմում է նրա պաշտոնավարման ընդհանուր ժամանակի 29.3%-ը:

Աշխատանքի օրը, որը ԱՄՆ-ում նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի, պետության ղեկավարը նաև հայտնվել է Վիրջինիա նահանգի Ստերլինգին մերձակա Trump National Golf Club-ի գոլֆի դաշտում:

«Այսօր արդեն երկրորդ ժամկետի 21-րդ օրն է, որ նախագահն անցկացրել է Ստերլինգի իր ակումբում», - պարզաբանել են լրագրողները:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ իր առաջին ժամկետի ընթացքում հանրապետականը գոլֆի դաշտերում անցկացրել է 307 օր, այսինքն՝ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի գրեթե մեկ քառորդը: Այս ուղևորությունները, ներառյալ թռիչքների և անվտանգության ծախսերը, հարկատուներին արժեցել են մոտ 150 միլիոն դոլար: