Սիրիան երկուշաբթի օրը Տարտուսի նավահանգստից արտահանել է 600,000 բարել ծանր հում նավթ՝ առևտրային ընկերության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, Reuters-ին հայտնել է սիրիական էներգետիկ ընկերության պաշտոնյան։ Սա սիրիական նավթի առաջին հայտնի պաշտոնական արտահանումն է վերջին 14 տարվա ընթացքում։

2010 թվականին Սիրիան արտահանել է օրական 380 000 բարել նավթ, որից մեկ տարի անց սկսվել է 14-ամյա պատերազմը, որը ավերել է երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները, ներառյալ հում նավթի արդյունահանումը։

Ասադը տապալվել է անցյալ տարվա դեկտեմբերին և նրան փոխարինած նոր կառավարությունը խոստացել է վերակենդանացնել Սիրիայի տնտեսությունը։ Սիրիայի էներգետիկայի նախարարության նավթի և գազի գծով փոխտնօրեն Ռիյադ ալ-Ջուբասին Reuters-ին հայտնել է, որ ծանր հում նավթը վաճառվել է «B Serve Energy» ընկերությանը։

Սիրիայի էներգետիկայի նախարարությունը գրավոր հայտարարության մեջ նշել է, որ նավթն արտահանվել է «Nissos Christiana» տանկերով։ Ջուբասին ասել է, որ նավթը արդյունահանվել է Սիրիայի մի քանի հանքավայրերից, սակայն չի հստակեցրել, թե որոնցից։

Սիրիայի նավթի մեծ մասը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, որը վերահսկվում է քրդական իշխանությունների կողմից։

Այս իշխանությունները փետրվարին սկսել են նավթ մատակարարել Դամասկոսի կենտրոնական կառավարությանը, սակայն այդ ժամանակվանից ի վեր հարաբերությունները վատթարացել են փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի ներառման և իրավունքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Սիրիայում պատերազմի ընթացքում նավթահանքերը բազմիցս ձեռքից ձեռք են անցել, իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները բարդացրել են ինչպես օրինական արտահանումը, այնպես էլ ներմուծումը:

Ասադի տապալումից հետո պատժամիջոցներն ամիսներ շարունակ մնացել են ուժի մեջ, ինչը դժվարացրել է Սիրիայի նոր վարչակազմի համար էներգիայի ներմուծումը: Սակայն, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին հրամանագիր է արձակել, որով չեղարկել է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, ամերիկյան ընկերությունները սկսել են մշակել սիրիական նավթի և գազի հետախուզման և արդյունահանման գլխավոր ծրագիր:

Սիրիան նաև 800 միլիոն դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «DP World»-ի հետ՝ Տարտուսի բազմաֆունկցիոնալ տերմինալի զարգացման, կառավարման և շահագործման համար, այն բանից հետո, երբ Սիրիան խզել է պայմանագրերը ռուսական այն ընկերության հետ, որն Ասադի օրոք կառավարել է նավահանգիստը։