Քաղաքական գործիչ Անդրեյ Պարուբիի սպանության գործով կասկածյալը հրապարակավ ընդունել է իր մեղքը։ Նրա խոսքով՝ հանցագործությունը կատարվել է որպես «անձնական վրեժխնդրություն Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ», հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։

Նա ասել է, որ դատավճռից հետո ցանկանում է ռազմագերիների փոխանակում խնդրել, որպեսզի հնարավորություն ունենա գտնել պատերազմում անհետ կորած որդու մարմինը։

«Սա վրեժխնդրություն է անձամբ Ուկրաինայի կառավարության նկատմամբ։ Ես միայն ուզում եմ, որ դատավճիռը հնարավորինս շուտ կայացվի։ Այո, ես խոստովանում եմ, որ ես եմ սպանել նրան և ուզում եմ խնդրել, որ ինձ փոխանակեն ռազմագերիների հետ, որպեսզի կարողանամ գնալ և գտնել որդուս մարմինը», - ասել է նա։

Տուժածին ընտրելու վերաբերյալ կասկածյալը նշել է, որ Պարուբին «մոտակայքում է եղել»։ Միաժամանակ նա ակնարկել է, որ այլ պարագաներում իր զոհը կարող էր լինել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն. «Եթե ես Վիննիցայում ապրեի, ապա Պետյան կլիներ»։

Միաժամանակ, տղամարդը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը ռուսական հատուկ ծառայությունների կողմից ենթադրյալ շանտաժի մասին, որոնք, իբր, օգտագործել են անհետ կորած որդու թեման: Նրա խոսքով, դա իրականությանը չի համապատասխանում:

Անդրեյ Պարուբին՝ Գերագույն Ռադայի նախկին խոսնակ և Եվրոմայդանի ակտիվ մասնակից է եղել, որն սպանվել է օգոստոսի 31-ի ցերեկը Լվովում։

Հարձակումը տեղի է ունեցել ցերեկը Եֆրեմով փողոցում. տղամարդը ութ կրակոց է արձակել քաղաքական գործչի վրա, համոզվել, որ նա մահացած է և փախել է էլեկտրական սկուտերով։

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լվովում տեղի է ունենում Պարուբիի հրաժեշտի արարողությունը։