ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ընտանիքը մինչև 6 միլիարդ դոլար են կուտակել «թղթի վրա»՝ իրենց կրիպտո ընկերությունների կողմից նոր թվային արժույթով առևտրի մեկնարկից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Երկուշաբթի օրը Թրամփի ընտանիքը գործարկել է նոր կրիպտոարժույթ՝ WLFI անվանումով, որը հանդիսանում է առաջնային հանրային առաջարկի (IPO) կրիպտոհամարժեքը։ Մինչ այժմ World Liberty Financial-ից արժույթ գնած մարդիկ չէին կարողանում թոքեններով առևտուր անել։

Թրամփի ընտանիքին է պատկանում գոյություն ունեցող բոլոր թոքենների մոտ մեկ քառորդը։ Թրամփի երեք որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Էրիկ Թրամփը և Բերոն Թրամփը, World Liberty-ի համահիմնադիրներն են, իսկ ԱՄՆ նախագահը նշված է որպես «պատվավոր համահիմնադիր»։

Մինչ World Liberty-ն պնդում է, որ հիմնադիրների և թիմի անդամների թոքենները մնում են «արգելափակված» և նրանք չեն կարող դրանք վաճառել, առևտուրը թույլ է տալիս իրական գնահատել նրանց ակտիվները, որոնք նախկինում հիմնված են եղել մասնավոր վաճառքների վրա։

Թրամփն ու նրա որդիները World Liberty Financial-ը գործարկել են անցյալ տարի, երբ նա առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում և հայտարարել, որ «Ամերիկան կրկին հզոր կդարձնեն, այս անգամ կրիպտոարժույթի օգնությամբ»։

World Liberty-ն նաև ձեռք է բերել բորսայում ցուցակված ընկերություն և ներդրողներից 750 միլիոն դոլար է ներգրավել կրիպտոարժույթ գնելու համար։ Գործարքը նախագահին և նրա ընտանիքին 500 միլիոն դոլար եկամուտ կբերի, քանի որ նրանք ստանում են WLFI թոքենների վաճառքից ստացված եկամուտի երեք քառորդը։

Ըստ CoinMarketCap կայքի տվյալների՝ թոքենների առևտուրը սկսվել է երկուշաբթի և մեկ ժամվա ընթացքում 1 միլիարդ դոլար է ձեռքից ձեռք անցել։ Ամենահայտնի Binance բորսայում WLFI-ի մեկ թոքենը վաճառվել է մոտ 24-30 ցենտով։

Ըստ CoinMarketCap կայքի տվյալների՝ թոքենների առևտուրը սկսվել է երկուշաբթի օրը և մեկ ժամվա ընթացքում 1 միլիարդ դոլար է ձեռքից ձեռք անցել։ Ամենահայտնի Binance բորսայում WLFI-ի մեկ թոքենը վաճառվել է մոտ 24-30 ցենտով։ Այդ արժեքը համապատասխանում է արժույթի հետ կապված ֆյուչերսային պայմանագրերում նշված գներին, որոնք Binance-ում վաճառվել են անցյալ շաբաթ։ Գինը նաև նախատեսում է հավելավճար այն 1,5 ցենտի նկատմամբ, որը ներդրողները վճարել էին անցյալ տարի՝ WLFI-ն անմիջապես World Liberty-ից գնելու համար։ Սակայն World Liberty-ն հայտարարել է, որ առաջին գնորդները կկարողանան վաճառել իրենց պահուստների միայն մեկ հինգերորդը։ Այսպիսով, Թրամփի մասնաբաժինը «թղթի վրա» կազմում է ավելի քան 6 միլիարդ դոլար։

Բացի այդ, Թրամփին պատկանող ընկերությունները վերահսկում են մի քանի միլիարդ դոլար արժողությամբ «$Trump» կոչվող «մեմքոինը»։ Իսկ Թրամփին պատկանող թրասթային ֆոնդը տնօրինում է բորսայում ցուցակված Trump Media ընկերության բաժնետոմսերի կեսից մի փոքր ավելին, որը ղեկավարում է նրա Truth սոցիալական ցանցը։

Trump Media-ն նաև գնում և տնօրինում է կրիպտոարժույթներ՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերով։ Սակայն նոր ձեռնարկությունը զերծ չէ իր ռիսկերից, քանի որ նույնիսկ փոքր քանակությամբ թոքենների վաճառքը կարող է հանգեցնել գների անկման։

Որոշ մարդիկ մտավախություն ունեն, որ World Liberty-ն հնարավորություն է ստեղծում Թրամփի ընտանիքի վրա ազդելու համար և ներդրողներն օգտագործում են այն՝ Թրամփի վարչակազմի օգնությանը դիմելու համար։