Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները, սակայն կողմերը «դեռ պատրաստ չեն» հանդիպման, հայտնում է Reuters-ը։

Էրդողանը լրագրողների հետ զրուցել է իր ինքնաթիռում՝ Չինաստանից վերադառնալիս, որտեղ հանդիպել է Պուտինի հետ, ապա ասել է, որ զանգահարել է Զելենսկուն։

Նա ասել է, որ վերջին ամիսներին Ստամբուլում ռուս և ուկրաինացի պաշտոնյաների միջև կայացած բանակցությունները ցույց են տվել, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը բաց է մնում։

Թուրքիան հանդես է գալիս «բանակցությունների մակարդակի աստիճանական բարձրացման» օգտին, որպեսզի խաղաղության հույսերը վերածվեն կոնկրետ արդյունքների, ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած նախաձեռնություն, ի վերջո, պետք է դիտարկվի ղեկավարների մակարդակով, թեև պայմանները դեռ չեն ստեղծվել։