Այսօր Ազատության հրապարակում նախատեսված միասնության  հանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված  հրապարակի տարածքում։ Նշենք, որ հանրահավաքը մեկնարկելու է այսօր՝ Արցախի անկախության օրը, ժամը 18.30–ին։

«Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։ Սակայն ճշմարտությունը մեկն է` Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն»,- նշված է հայտարարության մեջ։

Հանրահավաքի մասնակիցները համախմբվելու են 3 հիմնական նպատակ-ուղերձի շուրջ․

  • Արցախյան հակամարտությունը լուծված չէ,
  • մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,
  • պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ։