Եվրոպական երկրները, որոնք Ուկրաինայի դաշնակիցներն են, իրենց առաջարկներն են պատրաստել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ հակամարտության ավարտից հետո և աջակցություն են ակնկալում Միացյալ Նահանգներից, գրում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Մենք պատրաստ ենք»,— գործակալությունը մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացուցչի հայտարարությունը։ Այժմ եվրոպացիները հույս ունեն նաև ստանալ «ամերիկացիների աջակցությունը՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար», հավելել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ն։

Սեպտեմբերի 4-ին Փարիզում պետք է կայանա «ցանկացողների կոալիցիայի» հանդիպումը, որի մասնակիցները նախատեսում են քննարկել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները, ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ենթադրվում է, որ դրան կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ինչպես լրատվամիջոցները գրել էին՝ հղում անելով աղբյուրներին, Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների կոալիցիան կարող է քննարկել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը՝ հրադադարի դեպքում։ Մոսկվան ավելի վաղ հայտարարել է, որ իր համար անընդունելի է Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների ներկայությունը։