Բուլղարիայի իշխանությունները հրաժարվել են հետաքննել Պլովդիվի օդանավակայանում GPS համակարգի խափանումը, երբ այնտեղ վայրէջք է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռը։ «Հիմքեր չկան հետաքննություն սկսելու համար», - ասել է Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը՝ նշելով, որ նման խափանումները «չեն դասակարգվում որպես հիբրիդային սպառնալիքներ կամ կիբերսպառնալիքներ»։

Ըստ Ժելյազկովի, որին մեջբերում է AFP գործակալությունը, GPS-ի խափանումները, որոնք ազդել են ֆոն դեր Լեյենի ինքնաթիռի վրա, հազվադեպ երևույթ չեն։ «Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից մենք ականատես ենք եղել այն երևույթին, որը կոչվում է էլեկտրոնային պատերազմ», - ասել է Բուլղարիայի վարչապետը, փոխանցում է DW-ն։ Նա նշել է, որ GPS-ի խլացման մեջ «ոչ մի արտասովոր բան չկա» և որ դա նման ռազմական հակամարտությունների «հետևանքներից մեկն է»։ «Այդ խափանումները ուղղված չեն կոնկրետ ինքնաթիռի դեմ», - ընդգծել է Ժելյազկովը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսի 31-ին Բուլղարիայում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռը խնդիրներ է ունեցել GPS ազդանշանի խլացման պատճառով, որի համար կասկածել են Ռուսաստանին։