ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը շարունակում է հանձնառու մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հասնելուն, չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև անձնական բանակցությունների հեռանկարի շուրջ աճող անորոշությանը։
Թրամփն իր դիրքորոշումը բնութագրել է որպես իրատեսական և լավատեսական և հայտարարել, որ ուշադիր հետևում է, թե ինչպես են երկու առաջնորդները հաղթահարում բանակցությունների այս շրջադարձային պահը։ «Ես խոսել եմ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ։ Նրանք դեռ պատրաստ չեն հանդիպման։ Բայց ինչ-որ բան կկատարվի։ Մենք դա կանենք»,- ասել է նա։
Թրամփն ասել է, որ դժգոհ է տեղի ունեցածից, բայց կշարունակի ձգտել խաղաղության համաձայնագրի։ «Կարծում եմ՝ մենք կհասկանանք դա», - ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ դիվանագիտական բազմաթիվ բանակցություններում իր մոտեցումը, լինի դա Ռուսաստանի և Ուկրաինայի, թե այլ պատերազմող երկրների հետ, կայանում է առանցքային առաջնորդներին մեկ սենյակում հավաքելը և համաձայնագրի կնքման գործում միջնորդի դեր ստանձնելը։
Նրա խոսքով, նման մոտեցումը համբերություն է պահանջում։ Նա կարծում է, որ այս տարի կնքված խաղաղության այլ համաձայնագրերում այն արդարացրել է իրեն։ «Բարեբախտաբար, մենք շատ լավ օրեր ունեցանք և հենց որ ես նրանց հավաքում եմ մեկ սենյակում կամ գոնե թույլ եմ տալիս խոսել, թվում է, թե նրանց մոտ ամեն ինչ ստացվում է։ Մենք միլիոնավոր կյանքեր ենք փրկել»,- նշել է նա։
Բացի ռուս-ուկրաինական պատերազմից, Թրամփը վերջին շաբաթներին հայտարարել է, որ իրեն պետք է շնորհակալություն հայտնել վեց կամ յոթ պատերազմ դադարեցնելու համար և որ ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սպիտակ տան պաշտոնյաները մատնանշել են յոթ հակամարտությունների ցուցակը, որոնք նշում է նախագահը՝ Իսրայելը և Իրանը, Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հայաստանը և Ադրբեջանը, Թաիլանդը և Կամբոջան, Հնդկաստանը և Պակիստանը, Եգիպտոսը և Եթովպիան, ինչպես նաև Սերբիան և Կոսովոն։
Թրամփն ասել է, որ չի հավակնում Նոբելյան խաղաղության մրցանակի։ «Ես ոչինչ չունեմ ասելու դրա մասին։ Ես ուշադրություն չեմ փնտրում։ Ես ուղղակի ուզում եմ կյանքեր փրկել», - վստահեցրել է նա։





























