Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությունը քննարկում է տրանսգենդեր համայնքին ուղղված նոր քաղաքականություն՝ օգոստոսի 27-ին Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում և եկեղեցում տեղի ունեցած զանգվածային կրակոցներից հետո։

CNN-ի և ABC News-ի տվյալներով՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են տրանսգենդեր անձանց զենք կրելու սահմանափակումը։ Քննարկումները գտնվում են վաղ փուլում և տեղի են ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ 23-ամյա տրանսգենդեր կին Ռոբին Ուեսթմանը կրակ բացեց Ավետման կաթոլիկ եկեղեցում՝ սպանելով երկու երեխայի և վիրավորելով ևս 21-ի։

Եթե նախաձեռնությունը կյանքի կոչվի, այն կլինի Թրամփի կողմից երկրորդ ժամկետի ընթացքում սկսված հակատրանսգենդերային քաղաքականության շարքի շարունակությունը։ Իր երդմնակալությունից անմիջապես հետո նա ստորագրեց գործադիր հրամանագիր, որով ամրագրվեց այն գաղափարը, որ կան միայն երկու սեռեր, հրամայվեց Պենտագոնին հեռացնել տրանսգենդեր զորքերը բանակից և հրամայեց դաշնային բանտերին տեղափոխել բանտարկյալներին՝ հիմնվելով ծննդյան ժամանակ տրված սեռի վրա։

Հունիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին սկսեց արշավ գենդերային դրական բժշկության դեմ՝ ուղարկելով ավելի քան 20 դատական ​​​​կանչ այն բժիշկներին և կլինիկաներին, որոնք խնամք են տրամադրում անչափահաս տրանսգենդեր հիվանդներին։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ չափազանց դժվար կլինի օրինականորեն կիրառել տրանսգենդերների զենքի տիրապետման լիակատար արգելքը: Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CNN-ին ասել է, որ նման նախաձեռնությունը, հավանաբար, կհանդիպի իրավական խոչընդոտների. «Միլիոնավոր ամերիկացիներ ունեն հոգեկան հիվանդություններ, բայց քանի դեռ դրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության համար, նրանց Երկրորդ փոփոխության իրավունքները չպետք է զրկվեն»: