Բուլղարացի պաշտոնյաները հերքել են այն հայտարարությունները, թե Մոսկվային կասկածում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեղափոխող ինքնաթիռի GPS (գլոբալ տեղորոշման համակարգը) խափանելու մեջ: Բուլղարացի պաշտոնյաները դա հերքել են մի քանի օր անց, երբ հանձնաժողովը հղում էր կատարել Բուլղարիայի իշխանություններին, որոնք ենթադրել էին, թե միջադեպը «պատճառվել է Ռուսաստանի ակնհայտ միջամտությամբ»։

Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի ինքնաթիռում «երկարատև միջամտություն կամ խափանում չի եղել», հաղորդում է Euronews-ը։

Բուլղարիայի bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Գրոզդան Կարաջովը հերքել է, որ կառավարությունը որևէ տեղեկություն է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին նշված հարցի վերաբերյալ, հերքելով հանձնաժողովի այն հայտարարությունը, ըստ որի Բուլղարիայի իշխանությունները կասկածում են, որ խափանումները Կրեմլի հիբրիդային պատերազմի արդյունք են։

Բուլղարացի պաշտոնյաները միաժամանակ հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն չի լինի։

Ըստ փոխվարչապետի՝ Բուլղարիայի ավիացիոն իշխանությունները Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանն (EASA) են փոխանցել ինքնաթիռի օդաչուի և դիսպետչերական աշտարակի միջև տեղի ունեցած զրույցի վերաբերյալ զեկույցը, սակայն, չնայած այդ զրույցում նշվել են GPS-ին առնչվող «աննշան խնդիրներ», այնտեղ Ռուսաստանի միջամտության մասին ոչինչ չի նշվել։