«Գագիկ Ծառուկյանը հո բուլղարացի Վանգան չէ՞, որ կանխագուշակումներ անի։ Ավելի լավ կլիներ, որ նա իր մկաններով գար Բուրսա ու մեզ աջակցեր»,- նոյեմբերի 20-ին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, թե ինքը չէր ժամանել Բուրսա, որովհետեւ նախօրոք գիտեր՝ մեր տղաները պարտվելու են։
«Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում։ Բնականաբար, իրավիճակը ավելի վատթարանում է, երբ այդ արտահայտությունը անում է ՀՕԿ-ի նախագահը։ Կրկնում եմ բարոյական քայլ չէր։ Բուրսայում կայացած հանդիպումից մեկ օր առաջ Էսկիշեհիր քաղաքում խաղում էր մինչեւ 21 տարեկանների հավաքականը, որը փաստորեն օլիմպիական հավաքականն էլ է։ Թող տեսներ այդ տղաների խաղը։ 50 հոգի հայ երիտասարդներ Բուրսայում եռագույնն էին բացել։ Նրանք էլ համոզված չէին, որ Հայաստանի հավաքականը Թուրքիայի ընտրանուց ուժեղ է։ Բայց նրանք համոզված էին, որ մերոնք լավ էին խաղում եւ հույս ունեին, որ հաղթելու ենք»,- ըստ «Armsport.am» կայքի՝ հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:



























