Ֆրանսիայի իշխող կուսակցության պատգամավոր Ժակ Միարը, ով հանդես է եկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ, փորձել է հավաքել 60 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի դիմի Սահմանադրական խորհուրդ: Այդ մասին նա հայտնել է հունվարի 24-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կուլիսներում, հաղորդում է Le Figaro-ն` վկայակոչելով France-Presse-ը: Սահմանադրական խորհուրդ կարող են դիմել 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային ժողովի կամ Սենայի նախագահը:

«Ես եւ ընկերս վճռական ենք տրամադրված, ես հուսով եմ, որ մենք կկարողանանք 60 հոգու հավաքել, մենք պատրաստ ենք դիմել բոլոր պատգամավորներին»,-ասել է Ժակ Միարը:

Պատգամավոր Լիոնել Լուկան, ով եւս հանդես էր գալիս ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ, հանդես է եկել Սահմանադրական խորհրդին դիմելու նախաձեռնության դեմ: «Եթե դա օգտագործվելու է թուրքական կառավարության սկանդալային վերաբերմունքին օժանդակելու համար, ես դա իմաստալից չեմ համարում»,-ասել է նա խորհրդարանի կուլիսներում:

Նշենք, որ Սահմանադրական խորհրդի գործառույթները որոշակիորեն նման են Սահմանդրական դատարանի գործառույթներին: Օրինակ, Խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է, կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել: