«Բոլոր այն փաստարկները, որ բերվել են, և քննարկումները, որ տեղի են ունենում, հիմնավորում են, որ Միքայել Սրբազանը պետք է արդարացվի և ազատ արձակվի։ Ավելացնելու այլ բան չկա»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ իր վերջին ելույթում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է ընդամենը քննարկման ժամանակ երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իր տեսակետն արտահայտելու համար։
«Միքայել Սրբազանը որևէ մեկին ահաբեկչության կամ իշխանափոխության կոչ չի արել։ Ընդամենը ասել է՝ «ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել, այդպես եմ ասել տարիներ առաջ»։ Կես ժամ տևած հարցազրույցից այս մի նախադասությունն առանձնացրել են, մեղադրանք առաջադրել ու արդեն 3 ամիս է՝ Միքայել Սրբազանը գտնվում է անազատության մեջ»,–հավելեց Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավարության կողմերը հանդես են եկել եզրակափիչ ելույթներով։ Այս դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հանդես է գալիս հակիրճ նկատառումներով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ։ Ամենայն հավանականությամբ, դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր կհեռանա առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։





























