Գյումրիում այսօր բերման ենթարկվածների մեծամասնությունը բերման է ենթարկվել այն ժամանակ, երբ գործողությունը որպես այդպիսին արդեն ավարտվել էր, ըստ այդմ, այս ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում, փորձել մարդկանց էմոցիոնալ կոտրել, վախեցնել, ցույց տալ ոստիկանական բռի ուժ, ոստիկանապետության ներկայությունը իրենց կյանքում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ինչ առաջադրանք իր դիմաց դնում է, նա ամեն դեպքում կարողանում է կատարել, և այն գործիքակազմը, որից օգտվում է ընդդիմությունը, 7 տարի իրեն չի արդարացնում։

Եթե հակակոռուպցիոնի խնդիր կար, ես չեմ կարծում, որ քաղաքապետին եթե ծանուցեին, ինքը ինքնուրույն չէր ներկայանա։ Այս տեսարանների ցուցադրությունը, իրականում գյումրեցիների վրա մարդ բերել էր, գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ ունի իր մեջ։ Այստեղ ոստիկանության Կումայրի բաժին բերման են ենթարկվել 17–18 տարեկան տղաների։ Սա մարդկանց մոտ վախ տարածելու  փորձ է, բայց վստահ եմ, որ գյումրեցիներին այդ ամեն ինչով վախեցնել հնարավոր չի։

Սա նպատակ ուներ հերթական անգամ սեփական թիմին ցույց տալ, որ տեսեք ես ուժեղ եմ, ես պետք լինի ամբողջ ոստիկանական ուժերը կտեղափոխեմ Գյումրի, պետք լինի ծեծելով էլ, ջարդելով էլ, ապակիները կոտրելով էլ, մարդկանց ահաբեկելով, կանանց քաշքշելով իմ ուզածը կանեմ։

Օրինակ «Մեր ձեւով» շարժումից Մխիթարյան Ռուբենին բերել են մենակ մի բանի համար, որ հրապարակում մարդ են սկսել ծեծել, մոտեցել է ասել է՝ ինչի եք ծեծում»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք սա մեսիջ չէ Էջմիածնում սպասվող ընտրությունների հետ կապված, որ ցանկացած ընդդիմադիր պայքար, որը օրինակ կտարվի Արգիշտի Մեխակյանի նկատմամբ, քրեական հետապնդումների կենթարկվի, նա պատասխանեց. «Ցանկացած բան արվում է սեփական թեկնածուին ֆորա տալու համար, սեփական վախերը քողարկելու համար, որովհետև իրենք էլ տարատեսակ հարցումներ են ստանում, տարատեսակ խոսույթներ են լսում սովորական հասարակ ժողովրդի կողմից և իրենց օգոստոսի 8-ի այդ թղթի կտորին փաստ է, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում ու լուրջ չի ընդունում իրենց ստորագրած ոչ մի բան»,–ասաց Մխիթարյանը։

Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, նա նկատեց. «Ամեն ինչ կարող է և ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից, ի դեպ, ամենաշատն է սարսափում այս իշխանությունը, որովհետև ընտրությունները  իրենց համար ամենացանկալի կոնֆիգուրացիան է։ Որովհետև ընտրություններում իրենք իրենց ունեցած բոլոր վարչական լծակներն ու գործիքակազմերը լիուլի օգտագործելու են։ Իսկ ոչ իրենց ազդեցության գոտում գտնվող ներքին պայթյունը իր հետ կարող է բերել ցանկացած անկանխատեսելի հետևանք»։