ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ անուն է ու շատ է սազում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նշենք, որ, մինչ այդ, Գեղամ Մանուկյանը հայտարարել էր՝ անունը կփոխի, եթե Ռուբեն Ռուբինյանը ապացուցի իր ասածը, ըստ որի ՀՅԴ-ն և մյուս ավանդական կուսակցությունները 1988–ին հանդես են եկել Հայաստանի անկախության դեմ հայտարարությամբ։
Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց այդ հայտարարությանը․ «Պարոն Մանուկյան, Աստված վկա, ես չէի ուզում, որովհետև համարում եմ, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ է և ձեզ շատ է սազում։ Բայց տեսեք, աղբյուր․ ես հենց հիմա կարդում եմ Aniart.am-ից՝ Անի հետազոտական կենտրոնի կայքից, որը վարում է հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Վստահ եմ, որ ինքն էլ իր աղբյուրները նշել է»։
Ռուբինյանը մեջբերեց 1988 թվականի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի խոսքը․ «ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիք ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը և տեսնել դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները»։





























