Աշխարհում չի եղել ու չկա որեւէ փոքր ազգի ազգային-ազատագրական պրոյեկտ, որի հետեւում չեն եղել ու չեն երեւացել այս կամ այն գերտերության ականջները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ այսօրվա գերհզոր Իսրայելը սկսվել էր զուտ որպես բրիտանական նախագիծ։ Այս պարագայում երբ Նիկոլը այսօր Արցախյան ազգային ազատագրական պայքարից հրաժարումը եւ Արցախի բնակչության տեղահանումը հիմնավորում է նրանով, որ դրա հետեւում եղել է КГБ-ն, դնում է ներկայիս Հայաստանի կազմաքանդման եւ այստեղից հայկական բնակչության տարհանման հիմքերը, քանի որ այդ նույն կերպ մեր խիստ «բարյացկամ» հարեւանները կփորձեն հիմնավորել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը որպես Հայկական մարզի քաղաքական իրավահաջորդ հանդիսանում է Ռուսական կայսրության Գենշտաբի Գլխավոր վարչության նախագիծը։
Հո պատահական չի, որ ոչ միայն շարքային ադրբեջանցիների, այլեւ Իշխան Ալիեւի շուրթերով մշտապես հնչում է, որ հայերը այս հողի վրա բնակեցվել են ռուսների կողմից 1820-ական թվականներին, որ այստեղի տեղանունների մեծ մասը այս ժամանակ հայկական չի եղել եւ այլն։
Նիկոլի այն հիմնավորումը, որ եթե ինչ-որ ազգային ազատագրական շարժման հետեւում առկա է ինչ-որ մեկի ստվերը, այդ մոդելով ստեղծվածը ենթակա է կազմաքանդման, բերելով Արցախը որպես օրինակ, ապա այդ նույն հիմնավորումները ադրբեջանցիները կբերեն Հայաստանի առումով, ու Հայկական պետության կազմաքանդման եւ ներկայիս Հայաստանի բնակչության տարհանման պահանջի հիմքում էլ կդնեն Նիկոլի հիմնավորումները։
Այս պարագայում ուղակի կամ Նիկոլը ինքը պետք է խոստովանի, թե ինքը այս ամենը անում է քաղաքական անգրագիտությունից ելնելո՞վ, թե՞ ինչ-որ մեկի հանձնարարությամբ»։





























