Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, այլ ոչ թե ստորագրմանը։
Նա նաև վստահեցրել է, որ կառավարության որոշումները հիմնված են Հայաստանի և այստեղ ապրող մարդկանց վրա։ «Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից: Հետևաբար՝ ապագան արդեն այսօր է: Եվ հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը: Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին՝ ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են: Եվ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ նույնն է, թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը», - ասել է Հովհաննիսյանը։




























