Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Շտապում եմ Նարեկենց տուն, սխեման նույնն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին վաղ առավոտյան Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս գրառում է արել՝ նշելով․ «Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։
Ռուբեն Մելիքյանն իր ուղիղ եթերի ժամանակ նշել է. «Քիչ առաջ Վազգեն Սաղաթելյանը իր էջում նշեց, որ իրենց տուն դիմակավորված անձինք են եկել ԱԱԾ-ից։ Տեղեկացա, որ նույնը կատարվում է նաև Նարեկ Սամսոնյանենց տանը։ Նարեկը երկու փոքր երեխեք ունի, Ես հիմա արագ շտապում եմ Նարեկենց տան մոտ, որ հասկանամ թե ինչ գործողություն են կատարում։
Ստանդարտ փաթեթն է գործողությունների՝ վախեցնել ընտանիքին, երեխեքին, ցավեցնելու իրեն, կոշտ խուզարկություն՝ տունը քանդ ու քարափ անելով, որից հետո ձերբակալություն, որից հետո կալանքի միջնորդություն, և սովորաբար այդ ամեն ինչը սկսվում է առավոտյան ժամերին, ինչպես օրինակ, Արագածոտնի թեմում խայտառակ գործողությունները, Գյումրու քաղաքապետարանի գործողությունը, սխեման նույնն է։
Այստեղ միակ բանը, որ այստեղ հետաքրքիր է, թե ինչ քրեական հոդված են այնուհանդերձ մոգոնել։
Նարեկը և Վազգենը տարբեր ոճեր ունեին, Նարեկը կոնկրետ ուխտ էր արել, որ հայհոյանք եթերում չի տալու և չի տվել։ Վազգենի ոճը մի փոքր այլ էր, բայց միևնույն է դա էլ հանցագործություն լինել չէր կարող։
Սա չի կարող կապված չլինել Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ, որը այդպես տակնուվրա էր ու խախտել էր նիկոլականների անդորրը։
Իրականում ինձ հետաքրքիր է, թե ինչ հոդված պետք է լինի, միակ բանը, որ փաբլիկ արել են ու հաստատ դա կապ ունի, դա Ալենին էր երևի հանձնարարված այս հարթակի վրա գրոհի տեղեկատվական ապահովումը։ Նա գրել էր, որ իբր իրեն ինչ-որ բան են սպառնացել, այն բանից հետո, երբ ինքը կոնկրետ ընտանիքին ուղղված վիրավորանք էր հնչեցրել տղաների հասցեին։ Գրել էր՝ շան տղաներ, և ի պատասխան դրա կոշտ լեզվով տղաները արձագանքել են։ Այդ արձագանքն էլ օրենքի սահմաններից դուրս չի եղել։
Ես իրոք հետաքրքրված եմ, թե սրա անունը ինչ են դնելու, ինչ հոդված են դնելու։ Սա ակնհայտ ցույց է տալիս այս իշխանությունների արդեն մեծ քայլերով բռնապետական ռեժիմ դառնալու քայլերը»։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։





























