Օրեցօր զարգացող թվային տեխնոլոգիաները, որոնք փոխակերպել են աշխատանքի եւ հաղորդակցության ձեւերը, նոր պատուհան են բացել նաեւ մասնագիտական աճի համար։
Թվային միջավայրում անձի բրենդինգն այլեւս անհրաժեշտություն է այն պրոֆեսիոնալների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարիերան ու մեծացնել մասնագիտական կապերը՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք տալիս են սոցիալական հարթակները։
Խոսքը ոչ թե սոցիալական հարթակներում պարզապես անձնական էջ ունենալու, այլ այն մասնագիտական զարգացման նպատակով օգտագործելու մասին է, ինչը գրագետ կատարելու դեպքում հնարավոր է երկարաժամկետ արդյունք ապահովել։
Ինչպե՞ս ստեղծել անձնային բրենդ, այն կառուցելու համար ինչպե՞ս օգտագործել նորագույն թվային տեխնոլոգիաները՝ այդ թվում արհեստական բանականությունը։
LEADIN Personal Branding Agency-ն, որն արդեն մի քանի տարի է՝ իր հաճախորդներին օգնում է անձի բրենդինգի ճիշտ ռազմավարության մշակման ու իրականացման հարցում, նոյեմբերի 29-ին Երեւանում տարբեր ոլորտների մասնագետների համար վարպետաց դաս ու պանելային քննարկում էր կազմակերպել «Անձի բրենդինգը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջոցառմանը:

Ինչու է անհրաժեշտ անձի բրենդինգը
Անձի բրենդինգը այն մարդկանց համար է, ովքեր ուզում են լինել տեսանելի, ինչը շատ ավելի է հեշտացել թվային հարթակների զարգացմանը զուգահեռ։ Սոցիալական հարթակները մասնագետներին հնարավորություն են տալիս մշտական կապ պահել իրենց հաճախորդների, հանդիսատեսի կամ լսարանի հետ, պրոֆեսիոնալ նոր կապեր հաստատել՝ անկախ ֆիզիկական հեռավորությունից։
«Այսօր մենք այնպիսի թվային ժամանակաշրջանում ենք ապրում, որ եթե կապ չես պահում քո հաճախորդի եւ լսարանի հետ, դու նախ չես հասկանում՝ ինչպես շարժվել առաջ, քանի որ հետադարձ կապ չես ստանում, եւ, երկրորդ, հետ ես մնում քո մրցակիցներից, որոնք շարժվում են առաջ եւ ավելի են բարձրացնում իրենց տեսանելիությունը»,– ասում է միջոցառման հիմնական բանախոս, LEADIN Personal Branding Agency-ի հիմնադիր Ինեսսա Մանուկյանը։

Իրական պատմությունն այն է, ինչ կարեւոր է
Հաջողված անձնային բրենդինգի հիմքում մարդու իրական պատմությունը պատմելն է՝ ասում է Ինեսսա Մանուկյանը։
«Անձի բրենդինգը մարդն է այնպիսին, ինչպիսին կա, նրա արժեքները, ձայնը, անհատականությունը, պատմությունը։ Եթե որեւէ մեկը ցանկանում է կառուցել իր անձի բրենդը, չի կարող ձեւացնել, պետք է իրեն ներկայացնի այնպիսին, ինչպիսին որ կա։ Անկեղծ ու իրական պատմություններն են լսարանի հետ կապ ստեղծելու հիմնական ճանապարհը։ Ես LinkedIn հարթակում անձնապես տեսնում եմ, որ մեծ անդրադարձ են ստանում այն հրապարակումները, որոնց հիմքում ընկած է անկեղծ «storytelling»-ը, մարդու փորձը՝ վերելքներն ու վայրէջքները, ձախողումներն ու հաջողությունները»։

Անձի բրենդի կառուցումը երկարաժամկետ գործընթաց է
Անձնային բրենդի կառուցումը երկար և կշռադատված աշխատանք է պահանջում՝ նշում է Ինեսսա Մանուկյանը։ Նրա խոսքով՝ զգուշավորությունը առանցքային է, քանի որ ի տարբերություն ընկերության կամ որեւէ ապրանքի մարքեթինգի, այստեղ խոսքը մարդու հրապարակային կերպարի ձեւավորման մասին է։
«Անձնային բրենդն ինչ-որ ընկերության կամ ապրանքի գովազդ, մարքեթինգային արշավ չէ, անձի բրենդինգի դեպքում ամեն ինչ կրկնակի, եռակի ռիսկային է, քանի որ գործ ունես մարդու հետ, որի մասին ձեւավորված կարծիքն ամբողջ կյանքի համար է։ Ոչ ոք, լինելով նույնիսկ շատ փորձառու մասնագետ, չի կարող ակնկալել շատ կարճ ժամանակահատվածում օնլայն լսարանին դառնալ ներկայանալի, հայտնի եւ տեսանելի»։
Գրագետ մոտեցման դեպքում հաջողված անձնային բրենդը կարող է հաջողված բիզնեսի համար հիմք դառնալ, ինչպես նաեւ հակառակը։ Դա ապացուցող ամենահայտնի օրինակներն են Իլոն Մասկի, Սթիվ Ջոբսի պատմությունները։

Արհեստական բանականությունը օգնո՞ւմ է անձի բրենդի կառուցման հարցում
Իսկ ինպե՞ս կարելի է օգտագործել արհեստական բանականությունը՝ հաջողված անձնային բրենդ կառուցելու համար։
«ԱԲ–ն քեզ կարող է օգնել զարգացնել քո անձնային բրենդը միայն այն դեպքում, եթե դու ունես ինչ-որ արժեքավոր բան, որի հիման վրա քո անձնային բրենդը կարող է կառուցվել։ Եթե դու դա չունես, արհեստական բանականության օգտագործումը անօգուտ է եւ, ի վերջո, կարող է խաբեության հանգեցնել, եթե այդ գործիքի միջոցով որեւէ մեկն իր համար ստեղծի հորինված կերպար։ Որեւէ առիթի դեպքում դա մի քանի ժամում կհավասարեցվի զրոյի»,– ասում է Ինեսսա Մանուկյանը։
Նրա գնահատմամբ՝ AI գործիքները կարող են օգտակար լինել, երբ խոսքը վերաբերում է բովանդակության ստեղծմանն ու մշակմանը, գործողությունների ավտոմատացմանը եւ արդյունքների չափմանն ու վերլուծությանը։ Բայց, կրկին, եթե հիմքում իրական փորձ ու պատմություն չէ, երկարաժամկետ արդյունք պետք չէ ակնկալել։
Ինչ չանել անձնային բրենդ կառուցելիս
Ինեսսա Մանուկյանը առանձնացնում է այն քայլերը, որոնք կարող են վնասել անձնային բրենդին։ Նրա խոսքով՝ թվային հարթակներում զուտ ակտիվությունը դեռ չի նշանակում, որ տվյալ մարդը կարող է հաջողել անձնային բրենդի կառուցման հարցում։
Մասնագետը նշում է, որ անձնական բրենդ կառուցել ցանկացող օգտատերերի ամենատարածված սխալներից մեկը գրեթե ամեն թեմայի շուրջ հրապարակային խոսելն է։ Նրա խոսքով՝ արդյունավետ բրենդը պահանջում է նեղացված մասնագիտական ուղղություն եւ հստակ, սահմանված ու տարբերակված լսարան, որի հետ պետք է նպատակային աշխատել։

LinkedIn-ը՝ վստահության և ազդեցության գործիք
Ինեսսա Մանուկյանն ասում է՝ Հայաստանում հետզհետե մեծանում է հետաքրքրությունը անձնային բրենդինգի հանդեպ։ Իր հիմնադրած ընկերությունն այժմ աշխատում է տարբեր ոլորտների մասնագետների հետ, որոնք սոցիալական հարթակներում իրենց էջերը պրոֆեսիոնալ մոտեցմամբ զարգացնելու ցանկությամբ դիմում են իրենց։
LinkedIn–ում անձնական բրենդինգով անձամբ ինքը՝ Ինեսսան է զբաղվում։ Նա ասում է՝ մինչ Հայաստանում շատերն այդ հարթակը շարունակում են մեծամասամբ օգտագործել աշխատանքի որոնման համար, աշխարհում այն վաղուց դարձել է ազդեցություն ունենալու, մասնագիտական կապեր հաստատելու, բիզնեսների հետ շփվելու, B2B վաճառք իրականացնելու հիմնական գործիքներից։
«LinkedIn-ն արդեն վաղուց դարձել է անձնային բրենդինգի զարգացման ու կառուցման ամենակարևոր հարթակներից, որտեղ դու կարող ես զարգացնել քո անձը, քո բրենդը՝ որպես մասնագետ, եւ, եթե հատկապես ունես ընկերություն, կարող ես ձեռք բերել մի շարք հնարավորություններ, ներդրողներ, հաճախորդներ»,– ասում է նա՝ ընդգծելով, որ LinkedIn–ն այսօր գործիք է՝ ֆիզիկական սահմաններից դուրս հնարավորություններ փնտրելու. «Այս հարթակում ընկերությունների թոփ ղեկավարներն ու սթարթափների հիմնադիրներն են։ Վերջերս հենց ինքը՝ Ալեքս Հորմոզին էր մեկնաբանություն թողել իմ հրապարակման տակ։ Սա բառացիորեն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հարթակներում հաստատել կապեր այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ նախկինում նույնիսկ չէիր պատկերացնի, որ հնարավոր է կապ հաստատել»:
Այսօր LinkedIn–ն ունի ավելի քան 1 միլիարդ օգտատեր, և հենց այդ մասշտաբն է ստեղծում աննախադեպ շանսեր տեսանելիության, համագործակցության ու նոր հնարավորությունների համար։

































