Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի գները կրկին հասել են նոր պատմական բարձրակետի՝ մետաղի պակասի մտավախությունների ֆոնին։
Պղնձի ֆյուչերսները LME-ում ուրբաթ աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի համար 11,650 դոլարի։ Ավելի վաղ տեղի ունեցած աճուրդներում գները բարձրացել էին մինչեւ 11,662 դոլար մեկ տոննայի համար, ինչը նոր ռեկորդ է։
Պղնձի պաշարները պահեստներում, որոնց հետեւում է LME-ն, հուլիսից սկսած նվազել են՝ հասնելով ամենացածր մակարդակին, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում պղնձի մեծ պահանջարկով՝ 2026թ․ գունավոր մետաղների ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ մտավախությունների ֆոնին։ Citi-ի վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ում պահանջարկի աճը կարող է պղնձի գները հասցնել միջինը 13,000 դոլարի մեկ տոննայի համար՝ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում։
«Մենք վստահ ենք, որ պղնձի աճի ներուժը կպահպանվի ողջ 2026թ․ ընթացքում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ավելի ու ավելի դրական հիմնարար եւ մակրոտնտեսական ցուցանիշներով»,- նշվել է Citi-ի հայտարարության մեջ։
Տարվա սկզբից Լոնդոնում պղնձի գները բարձրացել են ավելի քան 30 տոկոսով։



























