2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3.8%: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ընթերցելով ԿԲ հաղորդագրությունը։
Նշվում է, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են և սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձևավորմանը և գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը:
«Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է:
«Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում, չնայած վերջին ամիսներին աճի վերականգնման որոշակի թույլ ազդակներին, միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը մնում են առարկայական: Նավթի, իսկ վերջին ամիսների ընթացքում նաև պարենի համաշխարհային գները դրսևորում են աստիճանական նվազման միտումներ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները»,- ասվում է եզրակացության մեջ:





























