Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունում է Հայաստանի հետ առեւտրի հնարավորությունը։

«Ադրբեջանական նավթամթերքը մի քանի օր առաջ է առաքվել Հայաստան»,- հիշեցրել է նախարարը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նախարարը նշել է, որ անկախությունից ի վեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նման բան տեղի չի ունեցել. «Հետեւաբար, մենք այժմ զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում։ Հայաստանի խնդրանքը վերաբերում էր նավթամթերքին, եւ ադրբեջանական կողմը ընդունել է այն»։

Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը հնարավոր է նաեւ այլ ոլորտներում. «Մենք չենք կարող խոսել երկու երկրների միջեւ ռազմական առեւտրի մասին, բայց այլ ոլորտներում առեւտուրը հնարավոր է։ Այս գործընթացները կարող են ընթանալ մեր սպասումներին համապատասխան»։