Սեւանի ափամերձ գոտու 500-ից ավելի շինություններից ներկա պահի դրությամբ  ապամոնտաժվել են 350-ից ավելին: Ինչպես խորհրդարանում ելույթ ունենալիս նշել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ապամոնտաժման գործընթացը շարունակվում է, եւ 1903 +/- 1,5 մ չափանիշից ներքեւ գտնվող կապիտալ կառույցները ապամոնտաժման ենթակա են:

Պատասխանելով ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, թե արդյոք ապամոնտաժվե՞լ են «Լավանդա սիթի» հանգստի համալիրի շինությունները, որոնք 250-ից ավելի են, նախարարը պատասխանել է, որ ընկերությունը թույլատրելի գոտի է տեղափոխել 70 շինություններ:

«Ապամոնտաժման գործընթացը շարունակվում է, եւ պետք չէ մտածել, որ այն կիսատ կմնա», - վստահեցրել  է նախարարը:

Հիշեցնենք, որ համալիրի սեփականատերը իշխող կոալիցիայում ընդգրկված «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանն է: