Հունվարի 14-ի գիշերը ռուս զինվորականները անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են գործել Կրիվոյ Ռոգի վրա: Ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 700 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման, իսկ ավելի քան 45 հազար բաժանորդ՝ առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը: Նա քաղաքացիներին հորդորել է ջրի պաշարներ կուտակել, քանի որ համակարգում ճնշումը կնվազի՝ ջրմուղի աշխատանքը գեներատորների փոխադրելու պատճառով:
Վիլկուլի խոսքով՝ փոքր կաթսայատները նույնպես հաջողվել է միացնել գեներատորներին, սակայն մեծերի աշխատանքն այդ կերպ ապահովել հնարավոր չէ։ «Հետևանքների վերացման շտաբն արդեն աշխատում է: Հաջողություն մաղթեք էներգետիկներին, ջեռուցման մասնագետներին և կոմունալ ծառայողներին: Եվ շնորհակալություն հայտնեք ցրտին կատարվող ծանր աշխատանքի համար»,- եզրափակել է նա: Ըստ 2025 թվականի տվյալների՝ Կրիվոյ Ռոգում բնակվել է շուրջ 560 հազար մարդ: Այսպիսով, առանց լույսի է մնացել քաղաքի բնակչության մոտ 8%-ը:
Նախօրեին՝ հունվարի 13-ին, ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների 15 օբյեկտների վրա, մասնավորապես՝ ջրաէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների վրա, հայտնել է երկրի համայնքների և տարածքների զարգացման փոխնախարար Կոնստանտին Կովալչուկը: Նա նշել է, որ հարձակումները հիմնականում կենտրոնացված են եղել Կիևի վրա, որտեղ ավելի քան 12 հազար բազմաբնակարան շենքերից առանց ջեռուցման է մնացել 472-ը:
Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոսել է քաղաքում էլեկտրամատակարարման ծանր վիճակի մասին։ Մինչ այդ Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտնել էր, որ առանց լույսի է մնացել մոտ 500 հազար բաժանորդ: Կլիչկոն նրանց, ովքեր քաղաքից դուրս բնակվելու հնարավորություն ունեն, կոչ է արել ժամանակավորապես լքել Կիևը։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքում սկսել են դադարեցնել նաև պարենային խանութների աշխատանքները։


























