Եվրամիության երկրները քննարկում են ուկրաինական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը, ով կկարողանա համայնքի անունից երկխոսություն վարել ռուսական կողմի հետ։ Այս դերի համար հնարավոր թեկնածուների թվում նշվում է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի անունը, գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ 2025 թվականի մարտին կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում քննարկվել էր ուկրաինական կարգավորման հարցերով ԵՄ հատուկ բանագնաց նշանակելու հնարավորությունը, սակայն այն ժամանակ գաղափարն այն էր, որ նա բանակցություններին կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ միասին։ Նախաձեռնությունը չի իրականացվել։

Վերջին շաբաթներին Եվրոպայում սկսել են հայտնվել Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին գաղափարներ. այդ մասին հրապարակավ խոսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ ԵՄ-ում պարբերականի զրուցակիցները հայտնում են, որ այս համապատկերում դաշինքում կրկին սկսել են քննարկել հատուկ ներկայացուցիչ նշանակելու գաղափարը։ Եվրոմիությունում մտավախություն ունեն, որ Բրյուսելը չի կարողանա պաշտպանել իր դիրքորոշումը՝ չնստելով բանակցությունների սեղանի շուրջ։ Պարբերականը սա բնորոշում է որպես «աննախադեպ քայլ, որը զգալի տեղաշարժ կնշանավորի այն հարցում, թե ինչպես է Եվրոպան մոտենում [ուկրաինական կարգավորման շուրջ] երկկողմ բանակցություններին, որոնք ընթանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ»։

«Մակրոնը վերջին օրերին առաջ է մղում այն գաղափարը, որ ամերիկացիների և ռուսների միջև ընթացող երկկողմ բանակցությունների լույսի ներքո կարևոր է քննարկումներում գոնե ինչ-որ դեր խաղալը։ Մելոնին ջերմորեն պաշտպանում է սա. նրանք միամիտ չեն և հասկանում են, թե ինչի կարելի է հասնել նման բանակցություններում, սակայն մասնակցության և չմասնակցության միջև ընտրության առջև կանգնած՝ ազգային մայրաքաղաքներում աճում է [բանակցություններին մասնակցելու արժեքի] ըմբռնումը», - պարբերականին ասել է անանուն ֆրանսիացի պաշտոնյան։

Politico-ն հստակեցնում է, որ այս նախաձեռնության շատ մանրամասներ մնում են թեժ վեճերի առարկա՝ ինչպիսի՞ աստիճան կունենա նման հատուկ ներկայացուցիչը, ո՞ւմ առջև կլինի հաշվետու, դա կլինի՞ պաշտոնական, թե՞ ոչ պաշտոնական պաշտոն, կներկայացնի՞ միայն ԵՄ-ն, թե՞ նաև «ցանկացողների կոալիցիան»։ Այսպես, Իտալիայում առաջարկում են այդ դերի համար նշանակել նախկին վարչապետ Մարիո Դրագիին, իսկ ԵՄ-ում որպես հնարավոր հավակնորդ նշում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Գործող պետության ղեկավարի նշանակման առավելությունն այն է, որ նա «ավելի ազատ կարող է լինել իր խոսքերում»։

Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյաները պարբերականի հետ զրույցներում ընդգծել են, որ առայժմ հատուկ ներկայացուցչի պաշտոն գոյություն չունի և այդ դերի համար թեկնածուների մասին խոսակցությունները վաղաժամ են։