Մենք 2022–ից առաջ էլ դիմում էինք սպառազինություն ձեռք բերելու համար, դիմում էինք բոլորին, բայց մեզ շատ քաղաքավարի մերժում էին, ասում էին՝ ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ավելին՝ մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ 2022 թվականին Պրահայում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ էության, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց։
Որովհետև մենք ասեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու։
Իհարկե այդտեղ նյուանսներ կան կապված սահմանազատման հետ, մենք դա էլ պարզաբանեցինք, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը ընդունված է, և այս պահի խնդիրները, որոնք կապված են մեր ինքնիշխան տարածքների հետ, որոնք չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, դրանք բոլորը կլուծվեն սահմանազատման գործընթացում, հետևաբար մեր բանակը ինքնապաշտպանականից բացի այլ խնդիր չունի։
Եվ հետո պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծենք. Մեզ ասում են՝ իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, սա։ Եվ պաշտպանական սպառազինության ամբողջ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այստեղ կար նաև երկրորդ նյուանսը՝ կապված ՀԱՊԿ-ի հետ. «ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։
Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ մենք ունեինք նույնիսկ 100 միլիոն դոլարի վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումները չէր իրականացվում։
Նաև դա էր պատճառը, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին։
Ես կարևոր եմ համարում, որ այս նրբությունները մեր հանրությունը արձանագրի և նաև միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս կոորդինատներում է դիրքավորվում, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»,– ընդգծեց Փաշինյանը։





























