Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կտրականապես հրաժարվել է խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին։

Լրագրողների հետ հունվարի 19-ի զրույցում խոսնակին հարց են ուղղել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են ԶԼՄ-ների տեղեկությունները՝ փետրվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման վերաբերյալ։ Սիմոնյանն արձագանքել է բավականին կոշտ ձևով՝ հրաժարվելով մեկնաբանել դա։ Նույնպիսի արձագանք է հետևել նաև այն հարցին, թե արդյոք սպասվում են զարգացումներ։

Հիշեցնենք, որ վերջերս թուրքական պետական «Anadolu» գործակալությունը հայտնել էր «Ալիջան» անցակետում (հայկական կողմից՝ Մարգարա) պլանավորված բոլոր աշխատանքների շուրջ 90%-ի ավարտի մասին։