Ռուս–ուկրաինական ռազմադաշտում ուժերի հարաբերակցության, հակամարտող կողմերի քաղաքական նպատակների, գլոբալ դերակատարների շահերի համալիր վերլուծության հիման վրա ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գնահատում է, որ 2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցի «Ռուսաստան-Ուկրաինա» բաժնում։
Զեկույցում մասնավորապես, նշվում է. «Չնայած բանակցային գործընթացի ընթացիկ ինտենսիվությանը՝ մեծ հավանականությամբ 2026 թվականի ընթացքում կողմերը կշարունակեն ունենալ իրար բացառող նպատակներ, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ յուրաքանչյուրի համար որպես կենսական ներկայացվող մի շարք հարցերի շուրջ, ինչն էլ իր հերթին կպահպանի համակարտության ռազմական դրսևորման հիմքերը։
Հավանական է, որ 2026 թվականի ընթացքում Ուկրաինան կպահպանի ռազմական առումով Ռուսաստանի գործողություններին դիմադրելու կարողությունը։ Միաժամանակ պատերազմական գործողությունները հաջողությամբ շարունակելու պոտենցիալի առումով միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ունի նկատելի առավելություն։
Ուկրաինայի համար մեկ այլ կարևոր մարտահրավեր է ներքին կայունության ապահովումը։ Հյուծիչ պատերազմի, օբյեկտիվորեն կուտակված ներքաղաքական հակասությունների և ակտիվ աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում ընտրությունների մասին խոսույթն ինքնին անկանխատեսելի հետևանքների մեծ ռիսկ է պարունակում։
Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնվազն էական մասը կպահպանվի, ինչը կշարունակի ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։ Միաժամանակ, որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև շարունակական բևեռացումը, մեծ հավանականությամբ, կխորացնի Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու տեսանկյունից առկա ռիսկերը։





























