Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ին տեղեկացնել, որ պահպանում է հավատարմությունը սակագների վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարավկորեական ավտոմեքենաների սակագները նորից՝ 15 տոկոսից 25 տոկոսի բարձրացնելու ծրագրերի համատեքստում։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմում։
Հունվարի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ներառյալ վարչակազմի պետական քաղաքականության վարչության ղեկավար Կիմ Յոն Բոմը, ազգային անվտանգության խորհրդական Վի Սոն Լակը, Կորեայի Հանրապետության առեւտրային ներկայացուցիչ Յո Հան Գուն, ֆինանսների առաջին փոխնախարար Լի Հյոն Իլը, արտաքին գործերի երկրորդ փոխնախարար Կիմ Չժին Ան։
Խորհրդակցություններին տեսակապով մասնակցել են արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կիմ Չժոն Գվանը եւ նախագահի վարչակազմի քարտուղարության ղեկավար Կան Հուն Սիկը, որոնք այցով գտնվում են Կանադայում։ Հարավկորեացի պաշտոնյաները քննարկել են «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մաքսատուրքերի բարձրացման մասին եւ գործողությունների պլանը», ինչպես նաեւ իրավիճակը ԱՄՆ-ում ներդրումների մասին օրինագծի հետ կապված։ Նշվել է, որ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կիմ Չժոն Գվանը կմեկնի ԱՄՆ՝ բանակցությունների, այն բանից հետո, երբ Կանադայում ավարտվի այցի ծրագիրը։
«Քանի որ բարձրացված մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են վարչական միջոցներ, ինչպիսին է դաշնային գրանցամատյանում հրապարակվելը, մեր կառավարությունը նախատեսում է ԱՄՆ-ին տեղեկացնել, որ պատրաստ է կատարել մաքսատուրքերի վերաբերյալ պայմանավորվածությունները, կառավարությունը կարձագանքի իրավիճակին հանգիստ ձեւով»,- տեղեկացրել են նախագահի աշխատակազմում։
Թրամփը հունվարի 26-ին հայտնել էր նորից մաքսատուրքերը բարձրացնելու ծրագրերի մասին հարավկորեական որոշ ապրանքների վրա, ներառյալ ավտոմեքենաները, քանի որ հարավկորեացի պատգամավորները, նրա կարծիքով, դանդաղում են հավանություն տալ երկկողմ առեւտրային պայմանավորվածություններին։





























