Դոնալդ Թրամփի վարչակազմը (եւ նախագահն ինքը) փոխել են հռետորաբանությունը եւ տոնայնությունը ներգաղթի ծառայության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ՝ մեկ ամսում Մինեապոլիսում երկրորդ սպանությունից հետո, գրել է The Wall Street Journal-ը։

Հունվարի 24-ին ԱՄՆ ներգաղթի ծառայությունների (ICE եւ սահմանապահ պարեկ) պաշտոնյաները  կրակել եւ սպանել էին Մինեապոլիսի 37-ամյա բնակիչ Ալեքս Փրեթիին՝ պատճառաբանելով նրա զմոտ ենքի առկայությունը եւ սպառնալիքը գործակալներին։

Երկու օրվա ընթացքում, ինչպես նշել է WSJ-ն, Թրամփը «փոխել է դիրքորոշումը» եւ հրաժարվել կոշտ գնահատականներից։ ԱՄՆ նախագահը Մինեսոթա է ուղարկել «սահմանային ցար» համարվող Թոմ Հոմանին, որը, ինչպես գրել է թերթը, կողմնակից է «ավելի նպատակային մոտեցման», որը քրեական անցյալ կամ վերջնական արտաքսման որոշումներ ունեցող ներգաղթյալների թիրախավորումն է։ Միեւնույն ժամանակ, սահմանապահ պարեկման հրամանատար Գրեգորի Բովինոն, որը կոշտ մոտեցման կողմնակից է, հեռացել է նահանգից։ WSJ-ի տվյալներով՝ Թրամփի օգնականները զարմացել են, երբ ԱՄՆ նախագահը գրել է, որ Հոմանին ուղարկում է Մինեսոթա։

Թրամփը նաեւ հասկացրել է, որ պատրաստ է պայմանավորվել՝ կոչ անելով Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցին եւ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին ավելի սերտ համագործակցել, այդ թվում՝ օգնել անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու հարցում։ Պաշտոնյաները հաստատել են, որ եթե Մինեսոթայի իշխանությունները համաձայնեն Թրամփի պայմաններին, նա պատրաստ է նահանգից հետ կանչել ներգաղթի եւ սահմանապահ ծառայության գործակալների մի մասին։

WSJ-ն նշել է, որ Թրամփի շրջադարձը տեղի է ունեցել նրա հանրապետական ​​կողմնակիցների քննադատությունից հետո, որոնք մտահոգություն են հայտնել, որ նա վատնում է հանրային աջակցությունը միջանկյալ ընտրություններից առաջ: Բացի այդ, NRA-ն (Ազգային հրաձգային ասոցիացիա, National Rifle Association)՝ զենքի իրավունքի ազդեցիկ կազմակերպությունը, որը սովորաբար կողմ է հանրապետականներին, քննադատել է Թրամփի վարչակազմին: Նրանք կոչ են արել «լիարժեք հետաքննություն» անցկացնել սպանության գործով։

BBC News North America-ի թղթակից Էնթոնի Զուրքերը նույնպես գրել է, որ Թրամփի վարչակազմը հրաժարվել է իր սովորական «մերժիր եւ գրոհիր» մարտավարությունից: Նա նշել է, որ 24 ժամվա ընթացքում Թրամփի վարչակազմի պաշտոնյաների տոնը դարձել է «նկատելիորեն ավելի զուսպ»՝ Ալեքս Փրեթիի սպանությունից անմիջապես հետո տեղի ունեցածի համեմատ։

Հունվարի 7-ին Մինեապոլիսի 37-ամյա բնակչուհի Ռենե Նիքոլ Գուդը սպանվել է, երբ կնոջ մեքենան հատել է ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցների ճանապարհը: Նրա վրա մի քանի անգամ կրակել է մի գործակալ, որը կարծել է, թե նա պատրաստվում է վրաերթի ենթարկել իրեն: Երկրորդ սպանությունը տեղի է ունեցել մեկ ամսից էլ պակաս ժամանակում՝ հունվարի 24-ին: Մինեապոլիսի սահմանապահ պարեկային գործակալը կրակել եւ սպանել է 37-ամյա Ալեքս Փրեթիին՝ տեղի վետերանների հիվանդանոցի բուժեղբորը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Փրեթին սպառնացել է դաշնային գործակալներին իր մոտ գտնվող ատրճանակով: Նահանգային իշխանությունները նշել են, որ նա ուներ ատրճանակ կրելու թույլտվություն: Սպանության վայրում նկարահանված տեսանյութերը ցույց են տալիս, որ Փրեթին ատրճանակ չի հանել. նա միայն հեռախոս է պահել, որն օգտագործել է ներգաղթի աշխատակիցների գործողությունները տեսագրելու համար: