Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են փաստաթուղթ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Նյու Դելիում ակնկալում են, որ դա թույլ կտա ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Դա [գործընկերությունը] էլ ավելի կամրապնդի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, կիբեռ- եւ ծովային տարածքում անվտանգության ոլորտում։ Դա նաեւ կհաստատի մեր ընդհանուր հավատարմությունը [միջազգային] կարգին՝ հիմնված կանոնների վրա, դա թույլ կտա մեզ ընդլայնել համագործակցության մասշտաբները Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում եւ նոր հնարավորություններ կստեղծի մեր պաշտպանական ընկերությունների համատեղ արտադրության համար»,- ասել է Մոդին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ մամուլի ասուլիսում՝ Նյու Դելի կատարած նրանց այցի արդյունքներով։
Մոդին նշել է, որ աշխարհում անկայունության ֆոնին ԵՄ եւ Հնդկաստանի գործընկերությունը կարող է «կայունացնող գործոն դառնալ միջազգային համակարգում»։ «Բազմակողմ դիվանագիտության եւ միջազգային նորմերի հարգումը մեր ընդհանուր առաջնահերթությունն է։ Երկկողմ հարաբերություններում երբեմն գալիս է պահ, երբ պատմությունն ինքն է ասում, որ դա պատմական պահ էր, ժամանակ, երբ նոր դարաշրջան է սկսվում։ Այսօրվա պատմական գագաթաժողովը այդ շրջադարձային պահն է»,- ավելացրել է Մոդին։
Հնդկաստանը եւ ԵՄ-ը երեքշաբթի ստորագրել են քաղաքական հռչակագիր ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Մոդիի խոսքով՝ համաձայնագիրը ոչ միայն խթան կհանդիսանա փոխադարձ ներդրումների համար Հնդկաստանի եւ ԵՄ-ի միջեւ, այլեւ «կամրացնի մատակարարումների շղթաները գլոբալ մակարդակով»։ «Սա պարզապես առեւտրային համաձայնագիր չէ։ Սա [առեւտրային համագործակցության] նմուշ է ընդհանուր բարգավաճման համար»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
Նյու Դելին եւ Բրյուսելը բանակցություններ են վարել ազատ առեւտրի մասին մոտ 20 տարի։ Համաձայնագիրն առայժմ պաշտոնապես չի ստորագրվել, այն պետք է համաձայնեցվի ինչպես ԵՄ, այնպես էլ Հնդկաստանի ներսում։ Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում հայտնել են, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ կես տարի անց, իսկ նոր առեւտրային ռեժիմի ուժի մեջ մտնելը այդ դեպքում տեղի կունենա 2027թ.։





























