Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունվարի 28-31-ին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավերով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունվարի 28-31-ին պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում»,- ասել է Գո Ցզյակունը:
Նա նշել է, որ «Սթարմերի այցը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցը Չինաստան վերջին ութ տարվա ընթացքում»։
Դիվանագետի խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է Սթարմերի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին առանձին բանակցություններ կանցկացնեն նրա հետ, որոնց ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ավելացրել է նա։
Պեկինից բացի Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի նաեւ Շանհայ։





























