ԱՄՆ ներգաղթային գործակալները «գուցե խախտել են ընթացակարգը» Մինեապոլիսում բողոքի ցույցերի ժամանակ բուժեղբայր Ալեքս Փրեթիի սպանությունից առաջ, երեքշաբթի՝ սպանությունից մի քանի օր անց, հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփի ավագ օգնական Սթիվեն Միլլերը, հաղորդել է AFP-ն։
Այս խոստովանությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է թուլացնել լարվածությունը Մինեապոլիսում շաբաթ օրը ներգաղթային շուրջկալների դեմ բողոքի ցույցի ժամանակ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Փրեթիի սպանությունից հետո։
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միլլերը, որն ազդեցիկ դեմք է եւ գլխավորում է Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականությունը, AFP-ին ասել է, որ Սպիտակ տունը ներկայում հետաքննում է հնարավոր խախտումը։ Նա ասել է, որ Սպիտակ տունը «հստակ հրահանգներ» է տվել այն մասին, որ Մինեսոթա է ուղարկվել լրացուցիչ անձնակազմ՝ արտաքսման գծով գործակալներին պաշտպանելու եւ «ձերբակալման խմբերի եւ խախտողների միջեւ ֆիզիկական պատնեշ ստեղծելու» համար։
«Մենք գնահատում ենք, թե ինչու ICE (ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայություն- խմբ.) թիմը, գուցե, չի հետեւել այս ընթացակարգին»,- ասել է Միլլերը։
Սպիտակ տունը հետագայում հայտնել է, որ Միլլերը նկատի է ունեցել նահանգում աշխատող ներգաղթային գործակալների համար նախատեսված «ընդհանուր ուղեցույցը», այլ ոչ թե Պրեթիի մահվանը հանգեցրած կոնկրետ միջադեպը։
Այդ հայտարարության համաձայն՝ պաշտոնյաները «կուսումնասիրեն, թե ինչու, գուցե, լրացուցիչ ուժեր եւ անվտանգության միջոցներ չեն գործադրվել Մինեսոթայից անօրինական ներգաղթյալներին վտարելու գործողությանն աջակցելու համար»։





























