Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սոցիալական ցանցերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը։
«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ ԵՄ արտգործնախարարները հենց նոր վճռական քայլ են ձեռնարկել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր հազարավոր քաղաքացիների, ձգտում է սեփական կործանմանը»,- գրել է Կալասը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԵՄ արտգործնախարարները հաստատել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հնարավորությունը։





























