Նոր Զելանդիայի կառավարությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալ Գազայի Խաղաղության խորհրդին։ Վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնի համապատասխան հայտարարությունը մեջբերել է Stuff լրատվական պորտալը։

«[Նոր Զելանդիայի] կառավարությունը քննարկել է նախագահ Թրամփի հրավերը եւ որոշել է չմիանալ Խաղաղության խորհրդին նրա ներկայիս տեսքով»,  ասել է Լաքսոնը։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը նույնպես ընդգծել է, որ Նոր Զելանդիան կաջակցի կազմակերպությանը, բայց չի միանա Խաղաղության խորհրդին։ «Մի շարք պետություններ, հատկապես տարածաշրջանից, արդեն հայտնել են իրենց մտադրությունը՝ մասնակցել խորհրդին, եւ Նոր Զելանդիան էական ներդրում չի ունենա։ Բացի այդ, մեզ անհրաժեշտ է պարզություն այս նոր կառույցի մանդատի վերաբերյալ՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում»,- ասել է նա։

Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի խաղաղության գործընթացի շրջանակում։ Թրամփը հայտարարել է, որ կազմակերպությանը միացել են նաեւ այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Գազայի հատվածը կառավարելու համար, բայց սպասվում է, որ այն կզբաղվի նաեւ այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ եւ կարգավորմամբ։