Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տարածքային պաշտպանության համակարգի, պահեստազորի և վարժական հավաքների կարևորության մասին:

«Պահեստազորը, ամուր թիկունքը մեծ նշանակություն ունի երկրի պաշտպանունակության հարցում և դա է պատճառը, որ մենք մեր բարեփոխումների շրջանակներում ձևավորել ենք տարածքային պաշտպանության և տեղական ինքնապաշտպանության համակարգ։ Այն իրենից ենթադրում է մշտական համակարգ, որտեղ սկսած վաշտ օղակից մինչև հրամանատարական կազմ, մենք ունենում ենք սպայակազմի մշտական հաստիքներ և աշխատողներ, որոնց ֆունկցիան է վարժական հավաքների ժամանակ ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց և մարտական հերթպահության ընթացքում ապահովել նրանց ներդաշնակեցումը։

Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մենք նախկինից ունենք դառը փորձ, որի բերումով մենք ականատես ենք եղել կամ լսել ենք գոնե, որ հաճախ մարդիկ չեն տիրապետել իրենց տարրական խնդիրներին»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով, վարժական հավաքները սահմանվել են 25 օր, որպեսզի պակաս նեղություն պատճառեն քաղաքացիներին, բայց միաժամանակ լինի բավարար ժամանակ նրանց վերապատրաստելու, նրանց ունեցած գիտելիքները թարմացնելու, ինչպես նաև ներդաշնակեցումը ապահովելու և հնարավոր խնդիրների ժամանակ պարզ դարձնելու, թե ինչով են նրանք զբաղվելու և ինչպես են պաշտպանելու մեր երկրի սահմանը։

«Սրա համար են կոչված վարժական հավաքները և յուրաքանչյուր տարի մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կատարելագործենք թե համակարգը, թե հավաքագրումը, թե այդ մարդկանց կենցաղային պայմանները։

Այս ամենը շատ կարևոր եմ համարում և հորդորում եմ նաև մեր քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերել վարժական հավաքներին, որովհետև այն մեր պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է»,– ընդգծել է Պապիկյանը։