Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
«Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։
Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,- նշված է հաղորդագրությունում։


Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:


ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:




























